Հուլիսի 17-ին Սիրիայի փոխվարչապետ Աբդալլա ալ-Դարդարիի հովանավորությամբ Հալեպում տեղի է ունեցել հայ-սիրիական գործարար խորհրդի համաժողովը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, Սիրիայի արեւելյան նահանգներում Հայաստանի պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ավելի քան 200 սիրիահայ եւ արաբ գործարարներ:
Ելույթ են ունեցել Հալեպի նահանգապետ Մանսուրան, Հայաստանի դեսպան Փոլադյանը, հայ-սիրիական գործարար խորհրդի սիրիական կողմի համանախագահ Լեւոն Զաքին եւ մի շարք գործարարներ:
Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ առեւտրատնտեսական համագործակցության մակարդակը զգալիորեն զիջում է քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում վերջին շրջանում վերընթաց զարգացում ապրող հայ-սիրիական հարաբերություններին եւ կոչ են արել ջանքեր գործադրել կարճ ժամկետում այդ բացը լրացնելու եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու, համատեղ ներդրումային ծրագրեր մշակելու ու ընկերություններ հիմնելու, ինչպես նաեւ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու համար ալընտրանքային ուղիներ փնտրելու ուղղությամբ:
Դեսպան Փոլադյանն անդրադարձել է առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով ձեւավորված իրավապայմանագրային ամուր դաշտի առկայությանը, հայ-թուրքական հարաբերություներին ու երկկողմ համագործակցությունը խոչնդոտող այլ պատճառների` համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով ծովային ճանապարհների` Լաթաքիա-Փոթի կամ Բաթումի օգտագործմանը:
Համաժողովի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ Հայաստանի մաքսային օրենսդրության, ինչպես նաեւ Հայաստանում սիրիական արտադրության ապրանքներին մաքսային առավել բարենպաստ ռեժիմի տրամադրման հնարավորության վերաբերյալ:




























