Հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում մասնակցել է Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ազգերի պալատում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Համաժողովին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես են գալու 102 խորհրդարանների նախագահներ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը նախատեսվում է հուլիսի 21-ին: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Միջխորհրդարանական միության նախագահ Թեո-Բեն ուրիրաբը եւ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Քննարկումների թեման էր «Խորհրդարանները ճգնաժամի աշխարհում. հանուն ընդհանուր բարեկեցության գլոբալ ժողովրդավարական պատասխանատվության ապահովումը»:

Նիստից հետո Հովիկ Աբրահամյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տնտեսական կապերն առավել զարգացնելու նպատակով առաջարկել է կազմակերպել բիզնես ֆորումներ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը վերահաստատել է Հ. Աբրահամյանին Կիպրոս պաշտոնական այց կատարելու իր հրավերը եւ ողջունել բիզնես ֆորում կազմակերպելու առաջարկը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում փոխգործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պարոն Գարոյանը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի կողքին է եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանը միշտ  կարող է ակնկալել Կիպրոսի աջակցությունը:

Նույն օրը ԱԺ նախագահը հանդիպել է Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչը նրա զրուցակիցը նույնպես կարեւորել է: Հովիկ Աբրահամյանը Մոնակոյի իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ շեշտել, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ձեւաչափ մեր երկրի համար ընդունելի չէ: