Կարիք չկա Հայաստանի տնտեսական, քաղաքական ու սոցիալական զարգացումը կապել Ղարաբաղի եւ հայ-թուրքական խնդիրների հետ: Այս մասին հուլիսի 20-ին կայացած ասուլիսում հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, եթե նույնիսկ այդ գործոնները կապված են միմյանց, ապա միայն հեռավոր կերպով: «Ես չեմ ցանկանում այդ բոլորը կապել իրար, քանի որ մեր զարգացումը մեր խնդիրն է, իսկ այդ հարցերում կան նաեւ այլ գործոններ»,- ասաց Բոստանջյանը, այդ գործոնների շարքում նշելով արտաքին ուժերը եւ գերտերությունների շահերը:
«Մասնավորապես՝ ԼՂ խնդիրը չի կարող լուծվել այնպես, ինչպես մենք ենք ուզում: Միաժամանակ այն չի կարող լուծվել այնպես, ինչպես Ադրբեջանին է հարմար»,- ընդգծեց պատգամավորը, ով աննշան է համարում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: «Թույլ չեն տա»,- կարճ ասաց նա:

Հարցին, թե ինչ զիջումների պետք է գնա Հայաստանը բանակցությունների ընթացքում, Բոստանջյանը պատասխանեց, որ իր կարծիքով, փաստացի զիջումներ չեն կարող լինել: «Էթիկայի կանոններին հետեւելով, Հայաստանը կարող է թույլ տալ իրեն խոսել ինչ-որ զիջումների մասին, բայց պրակտիկայում ես դա չեմ պատկերացնում: Ադրբեջանը արհեստականորեն ստեղծվել է  18 թվականին եւ նման է փոքրիկ երեխայի, ով իրեն պահում է «ոչինչ չգիտեմ, կոնֆետ եմ ուզում» սկզբունքով: Առանց այդ էլ իրենց ձեռքին են մեր պատմական հողերը. Շահումյանը, Գետաշենը: Դրանք զիջումներ են ավանսով»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, Վ. Բոստանջյանը նշեց, որ ողջունում է առաջընթացն այդ հարցում: «Ես երբեք դեմ չեմ եղել հայ-թուրքական հարաբերություններին: Դա թույլ կտա Հայաստանին դուրս գալ նոր շուկա, մեր գործարարներին հնարավորություն կտա նոր տնտեսական կապեր հաստատել, ինչը անկասկած դրականորեն կանդրադառնա երկրի տնտեսության վրա»,- ընդգծեց նա: