Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը աշխատանքային այց է կատարել Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուայի, տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների ղեկավարների հետ եւ քննարկել տարածաշրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային, մասնավորապես՝ կրթական ոլորտին վերաբերող հարցեր:
Հուլիսի 17-ին դեսպանը Հայաստանյայց առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբղ. Սալիբյանի ուղեկցությամբ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին, ծանոթացել վերականգնողական աշխատանքների ընթացքին: Նույն օրը նա Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մասնակցել է հայ մեծանուն աշուղ Ջիվանուն նվիրված ավանդական տոնահանդեսին:
Հուլիսի 18-ին Հրաչ Սիլվանյանը եւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան Նինոծմինդայում հանդիսավորությամբ բացել են հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող Հայոսի եւ Քարթլոսի հուշարձանը, որից հետո դեսպանը մասնակցել է նաեւ Նինոծմինդայի հիվանդանոց-պոլիկլինիկայի եւ շտապօգնություն կենտրոնի վերաբացման արարողությանը:
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում դեսպան Սիլվանյանն այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, մասնակցել մեծ բանաստեղծի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված տոնախմբությանը:
Ջավախքում կազմակերպված հանդիսություններին ու միջոցառումներին մասնակցել են Հայաստանից ժամանած կառավարական եւ Հայաստանի գրողների միության պատվիրակությունները, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ, ՏԻՄ-երի ղեկավարներ, հայ եւ վրաց մտավորականներ, մշակույթի գործիչներ, հազարավոր ջավախքցիներ:




























