Մարտի 1-ը ոչ մեկի համար դեռեւս բացահայտված չէ: Այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Սասուն Միքայելյանը այսօր՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 7-րդ տարելիցին, Մյասնիկյանի արձանի մոտ զոհերի հիշատակը հարգելուց եւ ծաղիկներ դնելուց հետո:
«Մարտի 1-ը չի մոռացվել, մենք ամեն ինչ կանենք մարտմեկյան դեպքերը բացահայտելու համար, քանի որ ամենամեծ հարվածը մենք ենք կրել: Ինչպես կարող ենք մեր զոհերին մոռանալ. տասը մարդու՝ ազատության առաջնորդների, Երեւանի սրտում գնակահարեցին»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե Մարտի 1-ից հետո երկրում ճնշումների առումով ինչ է փոխվել, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ իրավիճակն ավելի է վատացել, ճնշումները ուժեղացել են:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը նույնպես այսօր Մյասնիկյանի արձանի մոտ էր, նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ բազմիցս անդրադարձել է դրանց:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:











