Մարտի մեկը ժողովրդի հույսի հանդեպ ոգեշնչման օր էր, որը իշխանությունը ամեն գնով պահել ցանկացող ուժերը փորձեցին խեղդել արյան մեջ: Այս մասին լրագրողներին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ այսօր՝ Մարտի 1-ի 7-րդ տարելիցին Մյասնիկյանի արձանի մոտ տասը զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց եւ ծաղիկներ դնելուց հետո։

«Մարտի 1-ի զոհերի մեղքի բաժինը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այլեւ Գագիկ Ծառուկյանի, Դաշնակցության, Արթուր Բաղդասարյանի խղճին է , ովքեր այդ  դեպքերից հետո մաս կազմեցին իշխանության եւ իրենց պահվածքով արդարացրեցին 10 մարդու արյան գնով իշխանություն պահելը։ Մարտի 1-ի զոհերի արյան մեղքը նաև իմ խղճին է, որոհետեւ այդ օրերին մասնակիցների մի մասն էլ հետևելով իմ կոչերին, իմ տված հաղթանակի հույսին հավատալով այդ հրապարակում պայքարում էին, և այսօր ես իմ զավակների, ծնողների կողքին եմ, իսկ իրենք չկան»,- ասաց Արամ Սարգսյանը։

Մարտի մեկից յոթ տարի անց, Արամ սարգսյանի խոսքով, այն նպատակներն ու խնդիրները, ինչի  համար 10 մարդ զոհվեց, այսօր դեռ իրականություն չեն դարձել։

«Քանի դեռ իշխանությունը չի ամրագրել, որ Մարտի 1-ի 10 զոհերը Հայաստանի պետության, արժանապատվության, մարդու իրավունքների, խոսքի ազատությա համար մարտնչող մարտիկներ էին, ոչ թե անկարգության մասնակիցներ, այս երկիրն ապագա չի ունենա»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ իշխանությունն այդ մասին պետք է քաղաքական հայտարարություն անի, եւ 10 զոհերին, որպես ազատության համար մարտիկների հետմահու պարգեւատրի, իսկ նրանց ընտանիքներին փոխհատուցում տա։

Արամ Սարգսյանը նաեւ նշեց, որ ինքը դեմ է Մարտի 1-ը՝ զոհերի հիշատակի օրը, քաղաքականացնելուն, այդ օրը որեւէ քաղաքական գործընթացների համար, այդ թվում՝ հանրահավաքների, ասուլիսների համար օգտագործելուն։