Հուլիսի 21-ին Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նիստի սկզբում Նալբանդյանը համապարփակ տեղեկատվություն է տրամադրել Ալմաթիում տեղի ունեցած վերջին հանդիպման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Նրա եւ երկու պատվիրակությունների անդամների միջեւ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ հնարավոր զարգացումների վերաբերյալ:

«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան վերջին այցի վերաբերյալ` հատուկ շեշտադրելով խորհրդարանական համագործակցության խնդիրները: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ «Եվրանեսթը» սեպտեմբերին կգումարի առաջին նիստը:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկատվություն է տրամադրել Վարշավա կատարած իր վերջին այցի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Արեւելյան գործընկերության ծրագիրը: Նա տեղեկություն է տրամադրել Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` նոյեմբերին կայանալիք նիստի վերաբերյալ: