ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխությունից եւ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25 տոկոս:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, 2009թ. իրականացրած դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով նվազմանը, սակայն այն դեռեւս գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0,8 տոկոս գնանկում, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0,5 տոկոսային կետով` կազմելով 5,8 տոկոս: Դա շուրջ 1 տոկոսային կետով ցածր է ԿԲ կողմից կանխատեսված գնաճի ցուցանիշից: Պարենային ապրանքների գները նվազել են 1.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 0,9 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,1 տոկոսով: Հունիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորվել է «Բանջարեղեն եւ կարտոֆիլ», «Միրգ», «Շաքար», «Ձու» ապրանքախմբերի եւ բենզինի եւ դիզելային վառելիքի գների նվազմամբ, որոնց ընդհանուր նպաստումը գնանկմանը կազմել է 0,8 տոկոսային կետ:
Եվ, չնայած նշված գործոններն իրենց ազդեցությունը կունենան նաեւ առաջիկա ժամանակահատվածում, այդուհանդերձ 2010 թ. համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը եւ սեզոնային գյուղատնտեսական ապրանքների գների դինամիկան միտված են ձեւավորելու գնաճային ճնշումներ: Միաժամանակ, դեռեւս անորոշ են եվրոպական արժույթի, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծերը:




























