«Արմենիկում» դեղամիջոցը ոչ միայն օգտակար է ՁԻԱՀ-ով հիվանդների համար, այս դեղամիջոցը դրական ազդեցություն ունի նաեւ գրիպի տարբեր տարատեսակների, այդ թվում` խոզի գրիպի ժամանակ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Արմենիկում» նախագծի ղեկավար Լեւոն Գեւորգյանը` ավելացնելով, որ «Արմենիկում»-ի ստեղծման օրվանից մինչ այժմ բազմաթիվ փորձարկումներ են կատարվել, ինչի արդյունքում ի հայտ են եկել դեղամիջոցի օգտակարության նոր ոլորտներ:

«Արմենիկումը այսօր օգտագործվում է ինչպես ՁԻԱՀ-ի, այնպես էլ այլ հիվանդությունների ժամանակ` գրիպ, խոզի գրիպ եւ այլն»,-ասաց Գեւորգյանը։ Այս տարի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնագետների եւ գլխավոր բժշկի վերահսկողության ներքո դեղը կիրառվել է  խոզի գրիպով հիվանդների շրջանում եւ դրական ազդեցություն է ունեցել:

«Այլ երկրներում այս հիվանդությամբ տառապող բազմաթիվ հիվանդներ են մահացել, իսկ մեր երկրում, փառք Աստծո, «Արմենիկում»-ի շնորհիվ շատ դեպքեր կարողացանք կանխել»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով` «Արմենիկումը» լիովին անվտանգ դեղամիջոց է եւ հաջողակ իմունային մոդուլատոր է:

«Այսօր ցանկացած քաղաքացի իրավունք ունի ստանալ այս դեղամիջոցը` պրոֆիլակտիկ բուժման նպատակով, օրինակ` գրիպի ժամանակ եւ մի շարք այլ իմունային դիֆիցիտ ենթադրող հիվանդությունների դեպքում»,- ասաց «Արմենիկում» նախագծի ղեկավարը` նշելով, որ իրենք այլ հիվանդությունների դեմ պետպատվերի շրջանակներում փորձում են հասարակությանը օգտակար լինել, իսկ ընդհանուր առմամբ, Գեորգյանի խոսքով` «Արմենիկումը» բավականին մատչելի դեղամիջոց է:

«Արմենիկում» նախագծի ղեկավարի խոսքով`  այսօր գոյություն ունեն «Արմենիկում»-ի տարատեսակներ` քսուք, հաբեր եւ ներարկման համար նախատեսված հեղուկներ: Քսուքը օգտակար է այրվածքների եւ մի շարք մաշկային հիվանդությունների, հետվիրահատական շրջանում ապաքինման համար:  

Գեւորգյանի տեղեկացմամբ` «Արմենիկումը» նաեւ արտահանվում է, սակայն շատ քիչ քանակությամբ:

Լուսինե Մովսիսյան