Եվրամիությունը ողջունում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող: Այս մասին, ըստ «Ռիա նովոստիի», հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նա նշել է, որ Կոսովոյի եւ Սերբիայի ապագան կապված է Եվրամիության հետ եւ որ ԵՄ-ն պատրաստ է մեղմացնել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկխոսության գործընթացը:

Էշթոնի ներկայացմամբ, այդ երկխոսությունը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության երաշխիք կլինի:

Հիշեցնենք, որ Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից 2008 թվականի փետրվարի 17-ին: Նրան աջակցել են ԱՄՆ-ը եւ մի շարք եվրոպական երկրներ: Ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել են 69 երկրներ: Իր հերթին Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկստանը պնդում են, որ այդ որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:

Նշենք նաեւ, որ Հաագայի դատարանի որոշումը պարտադիր ուժ չունի, կրում է խորհրդատվական բնույթ, սակայն փորձագետներն ու քաղաքական գորիչները չեն կասկածում, որ նման որոշումը քաղաքական հետեւանքներ կունենա: