Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանին տեղափոխել են Երեւան՝ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը։

«Գոռի վիճակը բավական լավ է, նա գիտակից վիճակում է գտնվում։ Նրանք այսօր առավոտյան  ճանապարհվել են Երեւան՝ բուժումն այնտեղ շարունակելու համար»,-ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ Գոռ Դարմանյանին ուղեկցում են նրա ծնողները եւ հորեղբայրը։

Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է: