Ապրիլի 23-ը հայ ժողովրդի համար կարեւորագույն օր է, որովհետեւ տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողներին ասաց սրբադասման արարողության եւ հիշատակի ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 22-24-ին են տեղի ունենալու հիմնական միջոցառումները, որոնք ընդգրկելու են ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ այլ ազգերին նույնպես։

«Ապրիլի 22-ին քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչների նիստն է լինելու, որի թեման է եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանությունների։

Այդ նիստին ներկա են լինելու մեզ հետ գտնվող շուրջ 80 ներկայացուցիչներ՝ տարբեր եկեղեցիներից։ Ապրիլի 23-ին արդեն Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունն է լինելու։ Մեկ օր առաջ կլինի Հսկման արարողությունը, որին ներկա են լինելու մեր քույր եկեղեցիների ներկայացուցիչներն ու մեր հավատացյալ ժողովուրդը»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը։

Հսկման արարողությունը նախապատրաստություն է բուն սրբադասման արարողության։

«Մասունքները հատուկ մասունքարարների մեջ են դրվելու ապրիլի 22-ի երեկոյան եւ հաջորդ օրը ներկայացվելու են սրբադասման արարողությանը, որտեղ լինելու է մասունքների հարգանքի ընծայում բոլոր ներկաների կողմից։ Սրանք այն մասունքներն են, որոնք տարիներով պահվել են Դերզորում, Մայր Աթոռում կամ Կիլիկիո կաթողիկոսության ներքո»,- ասաց հանձնախմբի անդամ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով՝ սրբադասումը անհատական չի լինելու, այլ հավաքական։ Սրբադասման համար անհրաժեշտ է նոր սրբապատկեր, մասունքներ, նոր շարական։

Հոգեւորականներն ընդգծեցին, որ սա կարեւորագույն արարողություն է, քանի որ արդեն շուրջ 400 տարի որեւէ մեկը չի սրբադասվել։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը տեղի կունենա ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։