Հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ:

Այս քր. գործում որպես տուժող ներգրավված է Հայ ազգային կոնգրեսի  համակիր, նաեւ «Մարտի 1-ի» գործով նախկին քաղբանտարկյալ, ժամանակին 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա համաներմամբ ազատ արձակված Քրիստափոր Էլազյանը: Այս գործով՝ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվում են նույն ՀԱԿ-ի երկու անդամներ՝ Առաքել Սեմիրջյանը, որը մարտիմեկյան դեպքերից հետո ակտիվորեն զբաղված է քաղկալանավորների ու տուժողների գործերով, նաեւ նախկին քաղկալանավոր, Արաբկիր համայնքի ԵԿՄ կառույցի ղեկավար, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը: «Ոստիկանութան մեր աղբյուրների ասելով՝ այս գործով նախաքննություն է ընթանում, երեկ արդեն հարցաքննության հրավիրելու համապատասխան ծանուցում է փոխանցվել Հովհ. Հարությունյանին:

Միջադեպը, որի առթիվ քր.գործ է հարուցվել, տեղի է ունեցել հուլիսի 19-ին, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում: Այդ մասին թերթի հետ զրույցում պատմել է Ք.Էլազյանի մայրը: Նրա պատմելով՝ հուլիսի 19-ին ինքն էր որդուն հորդորել գնալ Կոնգրեսի գրասենյակ ու ճշտել՝ որդու գործն ուղարկվե՞լ է Մարդու իրավունքների եվրոպական դատարան,  եւ դրանք հաստատող համապատասխան վճարումների՝ 9 հազար դրամի ստացականները կա՞ն, թե՞ ոչ: «Քրիստը մտել է ՀԱԿ, որ Խաչատրյան  Արմենին տեսնի (Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ) տեսնի, վերջինս այնտեղ չի եղել: Քրիստն իջել է, ներքեւում մոտ երկու ժամ սպասել ու նորից է բարձրացել ՀԱԿ գրասենյակ: Ներս մտնելիս հանդիպել է Հովհաննես Հարությունյանին ու Առաքել Սեմիրջյանին: Նրանք էլ Քրիստին կանչել են սենյակներից մեկը, թե՝ արի, բան կա խոսելու, ու «էդ ի՞նչ է, մենք միլիոննե՞ր ենք կերել» ասելուց հետո սկսել են ծեծել»,-պատմել է Էլազյանի մայրը:  

Թերթի հետ զրույցում ՀԱԿ անդամներից մեկը, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, ասել է, որ  Ք.Էլազյանին իրականում ոչ ոք չի ծեծել, որ նա զրպարտում է ՀԱԿ անդամներին: «Ավելին, մեզ հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, թե Քրիստն, իսկապես, հուլիսի 19-ին եղել է Կոնգրեսի գրասենյակում, բայց նա եղել է ոչ ադեկվատ վիճակում եւ հայտարարել, որ եթե իրեն փող չտան, ինքը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի, ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի եւ Կենտրոնի ոստիկանության նախկին պետ Արթուր Մեհրաբյանի դեմ է իրեն ծեծելու մասին սուտ ցուցմունք տվել, այնպես էլ այս անգամ կանի. կհայտարարի, թե ՀԱԿ-ում իրեն ծեծել են: Իսկ Կոնգրեսում, ՀԱԿ-ականի պնդմամբ, դրանցի հետո նրան ուղղակի դուրս են հրավիրել եւ վերջ, ու ոչ մի ծեծ չի եղել:   
«Առավոտ»-ը այցելել է Էլազյանին ու լուսանկարել նրա ոչ այնքան թարմ, բայց դեռ նկատելի վնասվածքները՝ ձեռքին, թեւին ու գլխին: