Հայաստանի համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնությունը հերթական բացվող հնարավորությունն է։ Այս մասին ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։
Նրա խոսքով՝ դա Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման եւ իրանական շուկա դուրս գալու համար նոր բացվող հնարավորություն է, քանի որ մինչ այդ իրանական շուկայում տնտեսական սահմանափակումներ կային։ «Տարածաշրջանում ազդեցություն ունենալու տեսակետից կարելի է ենթադրել, որ ինչ-որ առումով կսրվեն Թուրքիա-Իրան հարաբերությունները։ Հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն կլինեն Իրանի հարաբերությունները մյուս արտաքին խաղացողների հետ, որոնք նույնպես հետաքրքրված են տարածաշրջանում ազդեցության պահպանմամբ»,- նշեց Մարգարովը։
Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով Լոզանում «վեցնյակի» հետ բանակցությունների մասնակիցների հայտարարությունների համաձայն, այնտեղ փոխզիջում է գտնվել, թեեւ տարաձայնություններ դեռ մնում են: Ապագա համաձայնագրի վերջնական տեքստի վրա աշխատանքը կշարունակվի, այն կհաստատվի հունիսի վերջին:
Իրանը պետք է սահմանափակի ուրանի հարստացման իր հնարավորությունների 2/3-ը առաջիկա 10 տարիների ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր ծրագրերը 25 տարի ժամկետով դնել միջազգային հսկողության տակ։





























