Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում Իրանի դիրքերի ուժեղացումը բխում է Հայաստանի շահերից։ Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, սակայն, պետք է սպասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրին։ «Ժամանակ է պետք, որպեսզի Իրանի տնտեսությունը ուշքի գա։ Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Հայաստանի համար դրական տեղաշարժեր կարող են տեղի ունենալ՝ ուղղված մասնավորապես էներգետիկ ոլորտի զարգացմանն ու երկաթուղու բացմանը։ Բայց կարող է այնպես ստացվել, որ շրջափակումից դուրս եկած Իրանը Հայաստանին երկրորդական պլան մղի, քանի որ նշված նախագծերը Իրանի համար կարեւորություն էին ներկայացնում շրջափակումից դուրս գալու տեսակետից»,- կարծիք է հայտնել Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ դժվար թե իրադարձությունները զարգանան այդ հոռետեսական սցենարով։ Նրա համոզմամբ՝ պատժամիջոցների հանումը շահավետ կլինի Հայաստանի համար։ «Մեկ այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք դրանից օգտվել։ Կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումների»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ «վեցնյակն» ու Իրանը ապրիլի 2-ին համաձայնության են եկել այն մասին, որ Իրանը պետք է սահմանափակի ուրանի հարստացման իր հնարավորությունների 2/3-ը առաջիկա 10 տարիների ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր ծրագրերը 25 տարի ժամկետով դնել միջազգային հսկողության տակ։
Պայմանագրի նախապատրաստման գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի 30-ը:





























