Իրանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում չթուլանան։ Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի փորձագետ Ստեփան Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային տեսանկյունից Իրանի վրայից պատժամիջոցները հանելն ու նրա դիրքերի ամրապնդումը միայն Հայաստանի շահերից է բխում։ «Դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա եւ առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության հարցում, քանի որ Իրանի դիրքորոշումն այդ հարցում բավական օբյեկտիվ է։ Պարզ է, որ Իրանի ձայնը աշխարհում ավելի լսելի կլինի։
Երկրորդ՝ ակնհայտ է, որ Իրանը շատ հարցերում գործելու է քաղաքական նկատառումներից ելնելով։ Շատ կարեւոր է, որ Հայաստանը ամեն հարցում այլընտրանք ունենա։ Նման այլընտրանք կարող է դառնալ Իրան-Հայաստան գազատարը։ Դա իրականում շատ իրատեսական ծրագիր է»,- նշեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ պարագայում հայ-թուրքական սահմանի փակումը անիմաստ կդառնա։




























