Գալուստ Սահակյանն իրար է խառնել երկու տարբեր հարթություններ՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ԼՂ հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ խնդիրը պետք է լուծեն բոլոր հայերը, այլ ոչ թե միայն Ղարաբաղը:
«Մենք ունենք ՀՀ գերագույն խորհրդի կողմից 1992 թվականին ընդունված որոշում, ըստ որի՝ Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, եթե այդ փաստաթղթում նշված է, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, առանց ԼՂՀ ժողովրդի եւ իշխանությունների համաձայնության»,-նկատեց Ալավերդյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե այս կապակցությամբ ԱԺ-ն այլ որոշում ընդունելու ցանկություն ունի, ապա, դիցուք Գալուստ Սահակյանը պետք է համապատասխան նախաձեռնությամբ հանդես գա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ԼՂ հարցը կլուծվի, ինչպես որ հայերը կորոշեն, ապա, «Ժառանգության» պատգամավորի խոսքով, հայությունը կանոնակարգված հասկացություն չէ եւ հայտնի չէ, թե ո՞վ է արտահայտում հայության կամքը: «Այսինքն, դա ավելի շատ անորոշ, գրական արտահայտություն է, քան իրավաբանական իմաստ ունեցող ձեւակերպում»,-նկատեց Ալավերդյանը:
Գալուստ Սահակյանը հուլիսի 28-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել էր նաեւ. «Րաֆֆի Հովհաննիսյանը, ոգեւորված Հաագայի դատարանի որոշումից, մեղադրանքներ էր հնչեցնում, թե՝ բա որ ասում էինք բերեք Ղարաբաղի անկախությունն ընդունենք…: Ղարաբաղի անկախությունն ընդունելու իրական ժամանակաշրջանը 1992 թվականի հուլիս ամիսն էր: Եւ այն մարդիկ, ովքեր այսօր զորակցում են, որ ընդունվի ԼՂ-ի անկախությունը, այդ մարդկանցից մեկն էլ ես եմ եղել, եւ Հանրապետականը պայքարում էր, որ 1992 թվականին Հայաստանի ԱԺ-ն ընդունի ԼՂ անկախությունն՝ իր բոլոր հետեւանքներով»: Արձագանքելով ՀՀԿ փոխնախագահի այս հայտարարությանը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Գալուստ Սահակյանն այդ ժամանակ չէր զբաղվում Արցախի հարցով, դրա համար ես ներողամտությամբ եմ վերաբերում ցանկացած նման հայտարարության: Հարցն այն է, որ կա գրավոր նյութ՝ հիմնավորված, պաշտոնական փաստաթուղթ այն ժամանակվա ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որտեղ ինքը պնդում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂ հանրապետությունը: Սա եղել է 1992-ի օգոստոսին: Եւ դրա մասին տեղյակ են բոլոր մասնագիտացված եւ բոլոր պետական գործիչները, որոնք այդ հարցով զբաղվում են լուրջ, եւ չեն ուզում անել հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը խորհուրդ տվեց նմանատիպ հայտարարության հեղինակներին՝ մտքեր արտահայտելուց եւ կոնկրետ մարդկանց անուններ շոշափելուց առաջ՝ նախ ծանոթանալ նյութին:




























