ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գեւորգյանին եւ շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին պարգեւատրել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից, նրանք այդ պարգեւին արժանացել են ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաեւ զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար:
Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Սեյրան Օհանյանը պարգեւը հանձնել է շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին: Մաղթելով քաջառողջություն եւ շուտափույթ ապաքինում` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ծառայակից ընկերոջը սեփական կյանքը վտանգելու գնով փրկելը արժանի է գովասանքի եւ գնահատանքի:
Նույն օրը պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել նաեւ ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Սեյրան Օհանյանը պարգեւը հանձնել է կրտսեր սերժանտ Սասուն Գեւորգյանին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել նրան՝ բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ ծառայակից ընկերոջ կյանքը փրկելու համար, մաղթել առողջություն, խաղաղ եւ արգասաբեր ծառայություն:




























