Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող «Նաիրիտի» նախկին աշխասակիցներին, որոնք այսօր՝ մայիսի 1-ին ՀՀ նախագահին տեսնելու ակնկալիքով հավաքվել են Ազատության հրապարակում, ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ գլխավոր մուտքին, որտեղով մտնելու է նախագահը՝ մասնակցելու մայիսմեկյան համերգին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  երբ «Նաիրիտի» մոտ 100 աշխատակիցներ փորձեցին քայլերթով Ազատության հրապարկից մոտենալ շենքի գլխավոր մուտքին, ոստիկանները պատ կազմեցին, թույլ չտվեցին նրանց առաջ շարժվել եւ խոստացան ուժ կիրառել, եթե նաիրիտցիները փորձեն ճեղքել ոստիկանական պատը: Նաիրիտցիները համաձայնության եկան եւ առաջ չգնացին։

Գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ իրենք 5-6 հոգով կմոտենան նախագահի անվտանգության պետին եւ հանդիպում կխնդրեն նախագահի հետ:

Ազատության հրապարակ քիչ առաջ ժամանեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ նոր ոստիկանական ուժեր, որոնք շղթա կազմած նաիրտցիներին հրելով դուրս բերեցին Ազատության հրապարակի սկզբնամասից:

Նաիրտցիները բղավում են «Պարտքի մարում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 17-ին, նաիրիտցիների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր ապրիլի 27-ին վճարել մեկ ամսվա աշխատավարձը եւ պարտքի մարման ժամանակացույց էր ներկայացրել, ըստ որի, աշխատանքից ազատված նաիրիտցիները 2 ամիսը մեկ աշխատավարձ կստանան մինչեւ պարտքն ամբողջությամբ կմարվի, սակայն խոստացված գումարը նաիրիտցիներտ չէին ստացել։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում։