Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն  է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է հակամարտության կողմերի ջանքերով։ Ինքն իրեն դա արդեն մեծ ձեռքբերում է, որը ցույց է տալիս, որ հակամարտության կողմերն ի վիճակի են առանց արտաքին միջամտության խաղաղություն պահպանել։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նրա խոսքով, խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլինի լրջորեն քննարկել հակամարտության կարգավորման վերջին փուլում, երբ մնացած հիմնական հարցերի առնչությամբ համաձայնություն ձեռք բերված կլինի եւ կթեւակոխենք պայմանավորվածությունների իրականացման փուլը։
«Մենք խորապես համոզված ենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա։ Պետք է նաեւ գիտակցել, որ խոսք անգամ չի կարող լինել Ղարաբաղի 1988 թվականի կարգավիճակին վերադառնալու մասին թե՛ կարգավիճակի եւ թե՛ տարածքների հարցում»,-հայտարարել է ԼՂՀ նախագահը:

Բակո Սահակյանը նշել է, որ «խաղաղությունը տարածքների փոխարեն» սկզբունքը ոչ միայն անընդունելի է, այլեւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով։  Փոխզիջումները պետք է լինեն համարժեք: Խաղաղության փոխարեն կարելի է առաջարկել միայն խաղաղություն: