Հայաստան էներգակիրների արտահանման համար նախ անհրաժեշտ է ճանապարհներ կառուցել. ավտոմայրուղիներ կամ երկաթուղի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ անդրադառնայով հարցին, կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը միջուկային խնդրի վերջնական կարգավորումից հետո իրանական էներգակիրները դեպի Եվրոպա փոխադրելու ճանապարհին տարանցիկ երկիր դառնալ:

Դիվանագետի խոսքով, ապագայում դա հնարավոր է: «Երբ մենք վերջնական համաձայնության գանք «վեցյակի» երկրների հետ, Իրանի տնտեսությունում լուրջ առաջընթաց տեղի կունենա: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական ոլորտում, ավելի կբարելավվի, այդ թվում՝ ճանապարհաշինության բնագավառում: Մենք համաձայնություններ ունենք, եւ այդ նախագծերի հետ կապված քննարկումներ են անցկացվում»,- նշեց Մոհամմադ Ռեիսին:

Ինչ վերաբերում է իրանական միջուկային ծրագրի կարգավորման հեռանկարներին. դեսպանն ընդգծեց, որ դրա համար ժամանակ է հարկավոր: «Հնարավոր է՝ հունիսի վերջին համաձայնություն ձեռք բերվի»,- կարծիք հայտնեց իրանցի դիվանագետը:

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ եւ Գերմանիա) ապրիլի 2-ին համաձայնություն են ձեռք բերել, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների երկու երրորդը 10 տարի պետք է կանգնեցվեն, իսկ Իրանը պատրավորվել է ուրանի հարստացման բոլոր ծրագրերը 25 տարի միջազգային վերահսկողության տակ դնել: Վերջնական համաձայնագրի նախապատրաստումը ծրագրվում է ավարտել մինչեւ հունիսի 30-ը: