Իրանը վերականգնել է վառելիքի մատակարարումը Թուրքիա: Այս մասին հուլիսի 31-ին տեղեկացրել է Իրանի ազգային գազային ընկերությունը: «Մատակարարումը ողջ ծավալով վերականգնվել է հուլիսի 31-ի առավոտյան` օրական շուրջ 25 մլն խորանարդ մետր, այն բանից հետո, երբ թուրքական կողմը հայտնել է, որ վթարի հետեւանքները վերացված են, եւ իրենք պատրաստ է գազ ընդունել»,- ասել է Ընկերության ներկայացուցիչ Վալիալահ Դինին: Հաղորդում է ISNA-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թուրքիա-Իրան մայրուղային գազատարի վրա հզոր պայթյուն էր որոտացել, որը լուրջ վնաս էր հասցրել գազատարին: Վթարի արդյունքում թուրքական կողմը խնդրել էր դադարեցնել գազի մատակարարումը: Թուրքիայի ուժային կառույցները մեղադրել էին Քրդական բանվորական կուսակցությանը: Դրանից հետո, պակասը լրացնելու համար ռուսական «Գազպրոմը» ավելացրել էր գազի մատակարարումը Թուրքիա` այն օրական 14 մլն խմ-ից հասցնելով 22 մլն խմ-ի: