Մայիսի 12-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

Նախագահ Ռոհանին գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարեկամական եւ փոխշահավետ հարաբերություններից եւ նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար որեւէ խոչընդոտ գոյություն չունի, եւ որ տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Իրանի նախագահը խնդրեց դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Դեսպան Թումանյանը, նախագահ Ռոհանիին փոխանցելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները, հավաստիացրեց, որ ջանքեր չի խնայի` Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ, եւ ընդգծեց միջպետական նախագծերի կարեւորությունը:

Իրանի նախագահը կարեւորեց համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետեւողականության ցուցաբերումը եւ հավելեց, որ Հայաստանը եւ Իրանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաեւ միջազգային ասպարեզում: Նախագահ Ռոհանին բարձր գնահատեց Իրանի հայ համայնքի դերը եւ հավելեց, որ երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը` օգտվելով զբոսաշրջային կարողություններից, ինչպես նաեւ ակտիվացնել գիտական եւ համալսարանական փոխադարձ կապերը:

Հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին իր գործունեության մեջ` Իրանի նախագահը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր որլորտներում առավել կընդլայնվեն եւ կխորանան: