Ռուսաստանը մշտապես տարածաշրջանում պատերազմական գործողությունների վերսկսման ռիսկերը օգտագործել է սեփական շահերի համար, եւ Ադրբեջանին մատակարարվող զենքն էլ պետք է դիտարկել այդ համատեքստում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ օգոստոսի 2-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Ռուսաստանը, մի կողմից Ադրբեջանին զենք է մատակարարում, մյուս կողմից էլ Հայաստանին առաջարկում է ամրապնդել համատեղ պաշտպանության երաշխիքները, այսինքն՝ Հայաստանին ապահովում է ավելի մեծ պաշտպանական մեխանիզմներով, մասնավորապես՝ անվտանգության հովանոցով»,-նշեց Սաֆարյանը: Նրա խոսքով՝ եթե ուշադրություն դարձնենք այն ժամանակաշրջաններին, երբ պատերազմի ռիսկերն  ավելացել են, ապա կնկատենք, որ նման իրավիճակներից, որպես կանոն, շահող է  դուրս  եկել Ռուսաստանը:

«Մասնավորապես՝ ԼՂ պատերազմից հետո, երբ ադրբեջանական սպառնալիքին ավելացել էր նաեւ թուրքական բլոկադան, հայկական կողմը դիմակայելու համար գնաց Ռուսաստանի հետ մեծ պայմանագրերի ստորագրման: Նույնը ցույց տվեց նաեւ վրաց-օսական օգոստոսյան պատերազմը»,-նկատեց Սաֆարյանը: Ըստ նրա՝ այժմ եւս Ռուսաստանը փորձում է օգուտներ քաղել՝ «մի կողմից զենք վաճառելով Ադրբեջանին, որը հայտարարում է պատերազմի միջոցով ԼՂ խնդիրը լուծելու իր մտադրության մասին, մյուս կողմից հակակշռելով եւ նաեւ արժեզրկելով իր կողմից վաճառված զենքը Ադրբեջանին»: