ՆԱՏՕ-ի առաջիկա խորհրդարանական վեհաժողովում ԼՂ հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպելով Ադրբեջանը նպատակ ունի լեգիտիմացնել տարածքային ամբողջականության մասին իր պատկերացումները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ օգոստոսի 2-ին, հայտարարեց Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, Ադրբեջանի պլանը սա է. նման փաստաթղթեր ընդունել տալով՝ դրանք հետագայում օգտագործել Հայաստանի դեմ՝ հայկական կողմին ստիպելով գնալ միակողմանի զիջումների:
«Իսկ եթե ոչ, ապա նման փաստաթղթերը Ադրբեջանի համար արդարացում կդառնան՝ այսպես կոչված սեփական տարածքային ամբողջականությունը ցանկացած եղանակով վերականգնելու համար»,-նշեց պատգամավորը: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ոչ միայն ՆԱՏՕ-ում, այլ նաեւ միջազգային այլ կազմակերպություններում Ադրբեջանին զրկի իր՝ վերը նշված երկու նպատակները հետապնդելու հնարավորությունից: Ս. Սաֆարյանը նշեց, որ այդ նպատակով պատրաստվում է նամակներ ուղարկել ՆԱՏՕ-ում իր գործընկերներին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հանձնաժողովներին՝ հորդորելով ձեռնպահ մնալ Արբեջանի կողմից ներկայացված փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց: «Եթե ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ընթացք է տալիս Ադրբեջանի այս նախաձեռնությանը՝ նշանակում է, որ այդ կառույցը պատասխանատվություն է վերցնում Ադրբեջանի հետապնդած երկու նպատակների համար: Այն է՝ լեգիտիմացնում է պատերազմը, որի համար անհրաժեշտ են այդպիսի փաստաթղթեր: Իսկ եթե ՆԱՏՕ-ն ցանկություն ունի օգնել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, ապա այսօր բանակցությունների թիվ մեկ սպառնալիքը դա Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու սպառազինումն է»: Եւ եթե ՆԱՏՕ-ն ցանկանում է օգտակար լինել բանակցություններին, ապա, ըստ Սաֆարյանի, «ավելի լավ ճանապարհ չկա, քան Ադրբեջանին նորմալ երկրին հատուկ գիտակցության վերադարձնելը ու թույլ չտալը, որ այդ երկրի ղեկավարության արկածախնդրությունը փաստի առաջ կանգնեցնի ողջ տարածաշրջանը»:
Պատգամավորի խոսքով՝ ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բանաձեւում տեղ չգտնեն անցանկալի ձեւակերպումներ: Նրա խոսքով՝ նմանատիպ փաստաթղթերի ընդունումը վտանագավոր է, քանի որ դրանում հղում է արվելու միջազգային այլ կառույցներում ընդունված նախորդ փաստաթղթերի պահանջներին: Հետեւաբար, դրանց չեզոքացման խնդիր պետք է դրվի:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ հերթական հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին՝ Վարշավայում: Հանդիպման ընթացքում նախատեսվում է ԼՂ հարցով բանաձեւի ընդունում: Հավելենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել ՆԱՏՕ-ի ղեկավարությանը՝ նշելով, թե ԼՂ վերաբերյալ սպասվող քննարկումը արդյունավետ չի լինի ԼՂ խնդրի կարգավորման համար: Խորհրդարանական վեհաժողովի գրասենյակն արձագանքելով նամակին հայտնել էր, որ դժվար թե Վեհաժողովի քաղաքական ղեկավարությունը հրաժարվի Ղարաբաղի խնդրի քննարկումից։




























