Այսօր՝ օգոստոսի 2-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր գրասենյակը հյուրընկալել է մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի այս տարվա հաղթողներ՝ 8-րդ դասարանցիներ Էդգար Մինասյանին եւ Աբրահամ Գրիգորյանին:
ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն անձամբ շնորհավորել է նրանց՝ իրենց մեծ հաջողությունների առթիվ, հանձնել պատվոգրեր եւ դեպի Բուլղարիա ինքնաթիռի 2 տոմս: Նա ընդգծել է, թե հպարտ է, որ հերթական տարին «Կենգուրուի» կողքին է, քանզի հենց այսպիսի մրցույթների շնորհիվ է, որ աճող սերնդի մոտ մեծանում է կրթության նկատմամբ հետաքրքրությունը: «Այս մրցույթին մասնակցում են երեխաներ, որոնք իրենց պայծառ ուղեղներով կանխորոշելու են Հայաստանի ապագան»,- նշել է Օվսյաննիկովը: Մրցանակների եւ պատվոգրերի հանձնումից հետո երեխաներն ուղեւորվել են ՎՏԲ-Հայաստան բանկի «Մոսկվա» մասնաճյուղ, որտեղ մասնաճյուղի կառավարիչ Ալեքսան Սահակյանը նրանց ծանոթացրել է մասնաճյուղի աշխատանքներին: Երեխաները շրջել են մասնաճյուղի բաժիններով եւ ծանոթացել նրանց ֆունկցիաների հետ: Տղաներն անչափ տպավորված էին բանկի աշխատանքային առօրյայով եւ շրջայցի վերջում ցանկություն են հայտնել ապագայում ՎՏԲ-Հայաստանի 68 մասնաճյուղերից որեւէ մեկում աշխատանքի անցնել:
Նշենք, որ «Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում՝ դեռ 1980-ականների սկզբին: Նորաստեղծ խաղը շատ շուտով լայն տարածում է գտել` խթանելով երկրում մաթեմատիկայի զարգացումն ու ընդլայնումը: Կազմակերպիչների մտահղացմամբ խաղ-մրցույթը թեստային է, մատչելի տարբեր առաջադիմությամբ աշակերտներին եւ անցկացվում է բոլոր դպրոցներում միաժամանակ:
2008թ.-ին «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով մրցույթն անցկացվել է նաեւ Հայաստանում: Արդեն 2010-ին «Կենգուրու» մրցույթին մասնակցել է 40 հազար երեխա: Քանի որ այս տարի հաղթողի նշանաձողը հաղթահարող երեխա չկար, «Այբ» կրթական հիմնադրամը որոշեց լրացուցիչ մրցույթ կազմակերպել մրցույթում լավագույն արդյունք արձանագրած եւ 12 տարին լրացած աշակերտների միջեւ եւ ընտրել 2 աշակերտ, ովքեր կներկայացնեն Հայաստանը եվրոպական ամառային ճամբարում: Մրցույթում «լավագույններից լավագույնը» ճանաչվել են Էդգար Մինասյանը՝ Երեւանից եւ Աբրահամ Գրիգորյանը՝ Արարատի մարզից:




























