ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է միջազգային շուկայում գների զգալի աճ։ Ըստ 2010 թ. երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության օգոստոսի 2-ին հրապարակված ծրագրի՝ 2010-11թթ. մարքեթինգային տարում հացահատիկի բերքը Ռուսաստանում եւ Եվրոպայի մի շարք երկրներում կնվազի՝ տարածվող երաշտի պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի գնահատումների, 2010-11 տարվա համար սպասվում է մոտ 661 մլն տոննա հացահատիկի բերք՝ նախորդ տարվա 680 մլն տոննայի համեմատ։ Նման պայմաններում, հաշվի առնելով սպառման ծավալների անփոփոխ մակարդակը՝ հացահատիկի համաշխարհային պաշարները կնվազեն 193 մլն տոննայից մինչեւ 187 մլն տոննա։

Նշենք, որ անցյալ շաբաթ համաշխարհային շուկայում հացահատիկի գների աճը պահպանվել է՝ սեպտեմբերյան մատակարարումների համար կազմելով 6,15 դոլար՝ 1 բուշելի համար (1 բուշելը համարժեք է 27,2 կգ-ի): Աճի հիմնական պատճառը Ռուսաստանի անսովոր տաք եղանակն է եւ ձգձգվող երաշտը։ Նշենք, որ 2009 թ. Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները ապահովել էին հացահատիկի համաշխարհային մատակարարումների 20 տոկոսը։

Փորձագետները մտավախություն ունեն, որ ցորենի գնի աճը կհանգեցնի «դոմինոյի էֆեկտի»՝ բացասաբար կանդրադառնա նաեւ ցորենին այլընտրանք հանդիսացող կերային մշակաբույսերի՝ եգիպտացորենի եւ լոբազգիների գների վրա։