Հարավային Լիբանանի եւ Իսրայելի սահմանին տեղի ունեցած բախման հետեւանքով Լիբանանի հայ համայնքի նեկայացուցիչների շրջանում տուժողներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը: «Հայկական թաղամասեր եւ հայ ազգաբնակչություն ռմբակոծված այդ շրջաններում չկան, եւ հայերի շրջանում որեւէ զոհ կամ վիրավոր չի արձանագրվել»,- նշեց Քանդահարյանը: Նա նաեւ հավելեց, որ բախման հետեւանքով զոհվել է Լիբանանի հեղինակավոր թերթերի մեկի՝ «Ալ-ակբարի» թերթի թղթակիցը: Քաղաքացիների շրջանում վիրավորներ կան:
«Ազդակ» թերթի խմբագրի հավաստմամբ՝ այժմ հարաբերական անդորր է տիրում: Տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարարությունը, Սիրիան զորակցել է Լիբանանին, իսկ Եգիպտոսը հայտարարել է, որ միջազգային ընտանիքը պետք է քննարկի ու համարժեք գնահատականի արժանացնի տեղի ունեցածը: «Ակնկալվում է, որ կսկսվեն դատապարտման դիվանագիտական ալիքներ առ այն, որ Իսրայելը նախահարձակ է եղել եւ ոտնձգություն է կատարել: Առայժմ նախադրյալները ցույց են տալիս, որ սա զինվորական սահմանափակ գործողություն է»,- նշեց նա: Քանդահարյանի խոսքով, այնուամնայնիվ, տեղի ունեցածը մտահոգիչ է, քանի որ արդեն իսկ որոշակի վերլուծություններ ու կանխատեսումներ են հնչում պատերազմի վերսկսման հավանականության մասին: «Սակայն առայժմ հարաբերական հանդարտություն է տիրում»,- ամփոփեց «Ազդակի» խմբագիրը:




























