Հըզբոլլահ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան օգոստոսի 3-ին տեսագրություն է տարածել, որում հայտարարել է, թե իր կազմակերպության գրոհայինները Իսրայելի բանակին պատասխան կտան, եթե նրա զինվորները կրկին հարձակվեն լիբանանցի զինծառայողների վրա:

«Մենք կկտրենք Իսրայելի ձեռքը, եթե այն ձգվի Լիբանանի բանակի կողմը»,- Նասրալլայի խոսքերն է մեջբերել AFP-ն:

Միեւնույն  ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է անցկացրել իսրայելա-լիբանանյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: ԱԽ անդամները խորը անհանգստություն են հայտնել տեղի ունեցածի առթիվ եւ կողմերին առավելագույն զգուշության կոչեր արել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Իսրայելը կրակով է պատասխանել Լիբանանին, երբ մի քանի լիբանանյան հրթիռներ ընկել են Իսրայելի հյուսիսի վրա: Ընդհարումների արդյունքում զոհվել է 4 լիբանանցի, այդ թվում՝ մեկ լրագրող: Իսրայելը հաղորդում է մեկ սպանված սպայի մասին: