ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս կանխել են մոտ կես կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ներմուծման երկու դեպք։

Թմրամիջոցն Իրանից փորձել են ներմուծել Կապան քաղաքի երկու բնակիչ` Իգոր Նիկողոսյանն ու Արթուր Բարսեղյանը։ Ի դեպ, մաքսանենգները թմրամիջոցը տեղափոխելու յուրատեսակ ձեւ են ընտրել` որպես թաքստոց օգտագործելով սեփական մարմինը։ Սովորաբար նման դեպքերում մաքսանենգները թմրամիջոցը տեղափոխում են ստամոքսի մեջ, սակայն Նիկողոսյանն ու Բարսեղյանն ընտրել են մարմինն օգտագործելու այլ տարբերակ, որը բավականին քիչ է հանդիպում, առավել եւս ՀՀ մաքսային ծառայության պրակտիկայում նման դեպք արձանագրվում է առաջին անգամ։

Ապօրինի ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու վերաբերյալ ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Նիկողոսյանին եւ Բարսեղյանին Մեղրիի մաքսակետից ուղեկցել են Ագարակի հիվանդանոց, որտեղ էլ ենթարկել են զննման։ Մոտ կես կիլոգրամ թմրամիջոցը նրանց մարմիններից հնարավոր է եղել դուրս բերել միայն բժշկական հատուկ միջամտության արդյունքում։

Տեղեկացնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն, ափիոնի 25 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Ի դեպ 1 գրամ ափիոնի արժեքը մոտ 20 000 դրամ է, այդ հաշվարկներով, առգրավված մոտ կես կիլոգրամ ափիոնը կարժենա շուրջ 10 միլիոն դրամ։

Կատարվում է քննություն։