Թերթը զրուցել է «VivaCell»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Ներկայացնում եք մի հատված այդ զրույցից.

-Հնարավո՞ր է  քաղաքական դաշտ մտնելու ծրագիր ունեք՝ հատկապես աշնանը նոր կուսակցության շարքեր համալրելու:

-Աշնանն ինչ կկատարվի՝ ինձ չի հետաքրքրում, ոչ էլ հետաքրքրված եմ իմանալ: Եթե մենք իբրեւ ընկերություն մեր աշխատանքը հիմնել ենք որոշ աշխատանքային եւ մարդկային արժեքների վրա եւ փորձում ենք ամեն օր հիշեցնել մեր ընտանիքի անդամներին, թե այս արժեքները կարեւոր են, այդ պետք է անենք, իրար պետք  է հարգենք եւ այլն, եթե այդ ընկերության ղեկավարը մի օր այդ նվաճումներն ու հաջողությունները, որ ձեռք բերեց ընկերությունը օգտագործի անձնական քաղաքական նպատակների համար, դա մի օրում լրիվ կփլուզվի, ու այդ փլուզումն ավելի ցավալի կլինի:

Հետեւաբար այդ բանը չէ, որ ես ուզում եմ սովորեցնեմ այսօրվա մեր ընտանիքի անդամներին: Մեր ընտանիքում քաղաքական գործիչ չի եղել, ու ես չեմ ուզում լինել առաջինը, որ բերեմ քաղաքականություն մեր ընտանիք:  

-Ինչո՞ւ: Կարծում եք քաղաքականությունն այդքան արատավո՞ր ոլորտ է, որ չեք ուզում  մտնել:

-Իմ մասնագիտությունը չէ, իմ ցանկությունը չէ: Ես աշխատում եմ կապի մեջ, կապավոր եմ եւ այդ որորտի մեջ եմ լինելու՝ տնտեսության մեջ:
-...Ասացիք, աշխատում եք տնտեսության մեջ, հնարավո՞ր է, որ վարչապետի պաշտոնում աշխատելու պլաններ ունեք:

-Վարչապետն էլ գործադիր մարմին քաղաքական դաշտում: ...Նման լուրեր միշտ շրջանառվում են: Իմ մտածելակերպի մեջ չկա, Ռալֆ Յիրիկյանը բնավ նման ուղղությամբ չի մտածում:

-Այսինքն, Դուք կմերժե՞ք, եթե նման առաջարկ լինի:

-Այո:

-Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի՞ն կմերժեք:

-Ով կուզի, թող լինի՝ ի հարգանք յուրաքանչյուր անձի ու  պաշտոնյայի: Դա իմ հետաքրքրությունը չէ, եւ ես այս քաղաքական աշխարհի մասնագետ չեմ: