Իրանը պատժամիջոցները հանելուց հետո կարող է օգտագործել Ռուսաստանի կողմից մշակած «Թուրքական հոսք» գազատարը իր գազը Եվրոպա արտահանելու համար, եթե Իրանում այդ երթուղին առավել հարմարը համարեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) միջազգային կապերի տնօրեն Ազիզոլլահ Ռամազանին։
«Ապագայում հնարավոր է դեպի Եվրոպա գազ մատակարարող իրանական եւ ռուսական գազատարները միավորվեն եւ միասին Եվրոպային գազ մատակարարեն»,- հայտարարել է Ռամազանին միջազգային գազային կոնգրեսի կուլիսներում եւ նշել, որ ոչ մի բանակցություն չի տարվում։
«Հնարավոր է, լավ գաղափար լինի բանակցություններ սկսելը, քանի որ այն կետը, որում ռուսական գազատարը, թուրքական գազատարը մոտենում են Եվրոպային, կարող է դառնալ այն կետը, որով իրանական գազը կարող է Եվրոպա մատակարարվել»,- հայտարարել է Ռամազանին։
Նա նշել է, որ Իրանը միջազգային պատժամիջոցները հանելուց հետո ընդհանուր առմամբ 5-6 երթուղի է ուսումնասիրելու։ «Մեկը հնարավոր է Թուրքիայով, մյուսը՝ Սեւ ծովով, մեկը հնարավոր է Իրաքով, Սիրիայով եւ Միջերկրական ծովով։ Պետք է հաշվի առնենք տնտեսական նպատակահարմարությունն ու որոշենք լավագույն երթուղին»,- ասել է նա։




























