Մայիսի 19-ին Ոստիկանության Արթիկի բաժին է դիմել քաղաքի բնակիչներից մեկը և գողության վերաբերյալ հաղորդում տվել:

Նա առավոտյան ժամը 8-ին, եկել էր իր խանութ և հայտնաբերել վաճառասրահի պատուհաններից մեկի փեղկը բացած վիճակում: Ներս էր մտել և տեսել, որ գողություն է կատարվել: Վնասի չափն, ըստ տուժողի` 400.000 դրամ էր, գողացել էին տարատեսակ ապրանքներ:

Հաղորդումը ստանալուն պես Արթիկի ոստիկանները մեկնեցին դեպքի վայր, ուսումնասիրեցին տարածքը, հանցագործի ելքումուտքի ուղիները: Ձեռնարկվեցին համալիր գործողություններ, արդյունքը երկար սպասել չտվեց: Շուտով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ խանութից գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ 22-ամյա Արշավիր Կեզաթյանը: Ճշտվեց նաև, որ գողոնն ամենայն հավանականությամբ, թաքցնում է Արթիկի մարզադաշտի հետնամասում գտնվող չօգտագործվող նկուղում:

Կասկածյալին գողոնով հանդերձ հայտնաբերելու ու բերման ենթարկելու նպատակով իրականացվել են օպերատիվ գործողություններ: Բացահայտման գործողությունները հանգուցալուծվեցին առավոտյան, երբ Կեզաթյանը մարզադաշտի մոտ գտնվող նկուղային տարածքից փորձում էր վերցնել գողոնը: Գողոնը մասամբ հայտնաբերվել է, Արշավիր Կեզաթյանը կալանավորված է:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: