Հունիսի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի:

Ողջունելով Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական կապերին` մասնավորապես ընդգծելով հարեւան երկրների միջեւ ձեւավորված բարեկամության ու փոխհարաբերությունների առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը գնահատանքով խոսեց նաեւ մշակութային եւ հոգեւոր կրթական ծրագրերի իրականացման գործում Մայր Աթոռի եւ ԻԻՀ դեսպանատան միջեւ առկա սերտ համագործակցության մասին:

Իր հերթին Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հանդիպման համար եւ փաստեց, որ երկու երկրների միջեւ կրոնական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում առկա են ջերմ ու օրինակելի հարաբերություններ, որոնք տարեց տարի առավել զարգանում են: Սեյեդ Ալի Ղազի Ասգյարը գնահատանքով նշեց նաեւ երկրի կյանքի տարբեր ոլորտներում Իրանի հայ համայնքի ունեցած արժեքավոր դերակատարության մասին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը մտահոգությամբ անդրադարձան ներկայիս մարտահրավերներին` համաշխարհայնացման գործընթացին, հոգեւոր-բարոյական արժեքների անկմանը, ընտանիքի պաշտպանվածության խնդրին, աշխարհում սկիզբ առած ծայրահեղական շարժումներին, որոնք իրենց կործանարար ազդեցությունն են թողնում ողջ մարդկության կյանքում: Ընդգծվեց, որ առանձին երկրներ եւ հոգեւոր-կրոնական հաստատություններ միայնակ չեն կարող դիմագրավել մարդկային կյանքը հուզող այդ մարտահրավերներին, եւ կարեւորվեց համատեղ ջանքերի գործադրումը` ի նպաստ տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչների խաղաղ ու համերաշխ համակեցության, ինչպես նաեւ հանդուրժողականության եւ համագործակցության ոգու զորացման:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: