ԵՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ ինտիմ բնույթի հրապարակումներ անելու առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Թոքմաջյանը տեսանյութ է պատրաստել, որում երեւում են գործողություններ կատարողները եւ ժամային համընկնումները: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ասաց Հովհաննես Թոքմաջյանը՝ հրապարակելով տեսանյութը:
Տեսանյութում երեւում է, որ Հովհանես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջ 3 անգամ են կողմնակի անձիք մուտք գործել, համալսարանի ՏՏ վարչության նախկին աշխատակիցները` վարչության նախկին պետ Վլադիմիր Խոյեցյանի ղեկավարությամբ։ Առաջինը՝ 30.08.14 ԵՊՃՀ հարեւանությամբ գտնվող «Սոլո» սրճարանից, ապա 05.09.2014 գիշերը «Տրիումֆ» սրճարանից, երրորդը` 07.09.14 «Սեգաֆրեդո» սրճարանից, որտեղից էլ, ըստ Թոքմաջյանի, տարածվել է հայտնի ինտիմ զրույցը ռեկտորի եւ նրա աշխատակցուհու միջեւ։
«Առաջին անգամ երեւի կմպրոմատներ են փնտրել, չեն գտել, բավարարվել են միայն ֆեյսբուքյան էջ մուտք գործելով: Ելնելով անմեղության կանխավարկածից ես անուններ չեմ տա, դուք ինքներդ էլ տեսնում եք՝ ովքեր են»,- ասաց Թոքմաջյանը:
ԵՊՃՀ ռեկտորը նշեց, որ իր անվան շուրջ սկանդալը շատերին էր ձեռնտու՝ մտահոգություն հայտնելով, որ այդ աղմուկից հետո Արմեն Աշոտյանի վերաբերմունքտ փոխվել է իր նկատմամբ:
«Ցավում եմ, որ նրա վերաբերմունքը փոխվել է, բայց նա ապատեղեկացված է եւ մանրամասները չգիտի: Շատ կուզենայի, որ այս տեսանյութից հետո նա ճիշտ հետեւություններ աներ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ սկանդալային զրույցում վիրավորական արտահայտություններով անդրադարձ կար նաեւ նախարարին։
Հովհաննես Թոքմաջյանի խոսքով` իրեն վարկաբեկողները հարյուրավոր հնարավոր կանանցից հատուկ են ընտրել են հենց այն կնոջը, որն իր ընկերոջ դուստրն է` Ռուզաննա Հայրապետյանին, որը, ի դեպ, սկանդալից հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել:
Լրագրողների հարցին, թե ինչու է տեսանյութը հենց ռեկտորի ընտրություններից առաջ հրապարակվում, արդյոք դա արվում է նրա կենսագրությունն ու անունը մաքրելու նպատակով, Թոքմաջյանը պատասխանեց, որ նման խնդիր չունի, պարզապես ցանկանում է ամբողջ եղելությունը ցույց տալ հասարակությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում հայտնվել էր ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:











