Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ իր դեմ մահափորձը բեմադրված չի եղել։

«Դա ընդամենը մի քանի թափթփուկ, տականքներ կարող են նման բան ասել, ես ուրիշ բան չունեմ ասելու»:

Այսօր` հունիսի 6–ին, NEWS.am-ին ասաց Սուրիկ Խաչատրյանը։

Սյունիքի մարզպետը չցանկացավ մեկնաբանել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, ըստ որի` իր որդին` մարդ ծեծելու գործով ներգրավված Տիգրան Խաչատրյանը թմրամոլ է` նշելով, որ «թմրամոլը Զարուհի Փոստանջյանն է ու իր որդիները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը՝ հավելելով, որ տուժողներ չկան: Ժամեր անց Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: