Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր՝ հունիսի 8-ին, վերջին հրաժեշտը տվեցին Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին հունիսի 6-ին տեղի ունեցած  ողբերգական վթարի հետեւանքով մահացած 22-ամյա Արման Տոնոյանին:

Արման Տոնոյանին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն հարազատները, ընկերները, այլեւ ՀՀԿ-ական պատգամավորները Վահրամ Բաղդասարյանը, Տաճատ Վարդապետյանը, Արտակ Դավթյանը, Առաքել Մովսիսյանը:

Այնտեղ էր նաեւ «Տաշիր» գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ պատգամավոր  Կարեն Կարապետյանը: Նշենք, որ Արման Տոնոյանը Կարեն Կարապետյանի վարորդի որդին էր: 

Հիշեցնենք, որ ողբերգական վթարի հետեւանքով 7 երիտասարդ է մահացել՝ 21-ից 25 տարեկան. Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Վանիկ Մարդոյանը, 24-ամյա Վահագ Ալբերտյանը, 22-ամյա Արման Տոնոյանը, 24-ամյա Գեւորգ Պողոսյանը, 22-ամյա Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Բալյանը: Մյուս 6 երիտասարդներին նույնպես այսօր հուղարկավորել են:

Նշենք, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարերին եւ բռնկվել: Ըստ նախնական վարկածի՝ ավտոմեքենայի առջեւ փորսուղ է դուրս եկել, մեքենան փորձել է շրջանցել կենդանուն եւ բախվել է ծառին: Հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները: