«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հունիսի 8-ին, պաշտոնապես բացվեց հասարակական և քաղաքական գործիչ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի հուշաքարը:
Հուշաքարի օծման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ նախարարներ եւ ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներ:
«Սմբատն առաջիններից էր, որ ստեղծեց ռազմական միավորում «Տիգրան Մեծ» անունով եւ բավական մեծ պայքար մղեց ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում: Հպարտ, ընկերասեր, հայրենասեր, դավաճանություն չհանդուրժող անձնավորություն էր: 80-90-ական թվականներից մենք միասին ենք, երկար ճանապարհ ենք անցել, սխալներ ենք արել ու ուղղել ենք դրանք: Մինչեւ վերջ պետությանը, ազգին ապավինող այն քաղաքական գործիչներից, էր որ ոչ միայն կարողանում էր առաջնորդել, այլեւ հրապուրել այն գաղափարներով, որ ինքը ուներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը մահացել է 2014թ. հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Ֆրանսիայում: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ և բուժման համար հերթական անգամ մեկնել էր Փարիզ:











