Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը մեզ համար անհասկանալի է, բայց իր տեսանկյունից արդարացված: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴաշնակցություն կուսակցության «Հայ դատի» եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ,C-300-ը պաշտպանական զենք է համարվում, ինչի վրա էլ հղում է անում Ռուսաստանը:

«Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառում C-300, սակայն կա արդյո՞ք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ինչ-որ պայմանագիր, որն արգելում է անել դա: Ոչ»,- նկատել է Մանոյանը:

Պատասխանելով հարցին, արդյոք անհրաժեշտ չէ, որ Հայաստանը վերանայի իր վերաբերմունքը ռազմավարական դաշնակցի նկատմամբ, Կիրո Մանոյանը պատասխանել է. «Որոշ անհանգստություն, իհարկե, կա, բայց Ռուսաստանը Հայաստանի առջեւ ստանձնած որեւէ պարտավորություն չի խախտել, հետեւաբար եւ հավակնություններ լինել չեն կարող»,- ասել է դաշնակցական գործիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վեդոմոստին» տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանը Ադրբեջանին C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոն է վաճառելու: