News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից С-300 ПМУ-2 «Ֆավորիտ» տեսակի երկու զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման դեպքում, տարածաշրջանում կտրուկ կփոխվի սպառազինության մրցավազքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ, թեեւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին նման համակարգերի մատակարարման մասին տեղեկությունները դեռ հաստատված չեն, սակայն նման դեպքերում պաշտոնական աղբյուրները փորձում են լռություն պահպանել։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այս պարագայում տրամաբանական է, քանի որ, եթե պայմանագիր կա զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու մի պետության, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին թշնամի է համարում, ապա բնական է, որ նրանք չեն ցանկանա մեկնաբանել զենքի վաճառքի փաստը։  Ըստ նրա՝ այն մեկնաբանությունները, որ նման համակարգերի Ադրբեջանում հայտնվելը քիչ հավանական է, կամ այն զուտ պաշտպանական զենք է եւ ՀՀ անվտանգության չի սպառնում առնվազն անհիմն են եւ միամտություն:

Փորձագետի խոսքով՝  С-300 ПМУ-2 «Ֆավորիտ» համակարգերը (այս զենքերի յուրաքանչյուր դիվիզիոնը կարող է կազմել հենց մեկ համակարգ) որակապես մի քանի աստիճանով տարբերվում են մինչեւ այժմ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծված զենքերից: С-300 ПМУ-2 «Ֆավորիտ»-ը հայտնի С-400-ի նախատիպն է եւ չափանիշներով քիչ է զիջում վերջինիս:

Տեղեկացնենք, որ С-300 ПМУ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգը հզոր հակաօդային միջոց է, որը կարող է պայքարել տարատեսակ թռչող սարքերի, այդ թվում նաեւ հրթիռների դեմ: Ինքնաթիռներին այն կարող է խոցել մինչեւ 200 կմ հեռավորության վրա, իսկ մարտավարական եւ օպերատիվ մարտավարական բալիստիկ հրթիռներին մինչեւ 40 կմ հեռավորության վրա:

Փորձագետը համոզված է, որ հենց վերջին հատկանիշն է, որ պետք է առավելապես հետաքրքրի ռազմական գործի մասնագետներին, քանի որ հին տեսակի նմանատիպ օդային հարձակման միջոցները (հրթիռներ, որոնց հեռահարությունը չի անցնում 500 կմ-ը, իսկ անկման արագությունը կազմում է մինչեւ 4-4.5 կմ/վ) հեշտությամբ կխոցվեն:  Ըստ նրա՝ տարածաշրջանում С-300 ПМУ-2 «Ֆավորիտ»-ի առկայության դեպքում  օդային հարձակման միջոցները որակապես բոլորովին նոր մակարդակի պետք բարձրացվեն։ С-300 ПМУ-2 «Ֆավորիտ»-ի պաշտպանության հաղթահարման համար անհրաժեշտ կլինի ձեռքբերել ռուսական արտադրության «Իսկանդեր «Է» կամ ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը, կամ էլ գնել ռադիոէլեկտրոնային պայքարի հզորագույն միջոցներ` իրենց կրողներով,  չեզոքացնելու համար «Ֆավորիտի» գործողությունները։

«Նշված համակարգերը շատ թանկարժեք են, բայց պետության անվտանգության ապահովման համար այլ հնարավորություն չի լինի»,- ասաց փորձագետը։ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ կան օդից արձակվող հրթիռներ, որոնք արդյունավետ են С-300 ПМУ-2 «Ֆավորիտ»-ի դեմ, բայց հրթիռների գնման դեպքում անհրաժեշտ կլինի նաեւ համապատասխան` հզոր օդային սարքերի առկայություն։

Տեղեկացնենք, որ С-300 ПМУ-2 «Ֆավորիտ»-ի համակարգերը արտադրվում են ՌԴ «Ալմազ-Անտեյ» հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրող ԲԲԸ-կոնցեռնի կողմից, որի ղեկավար մարմնի անդամներից մեկը ադրբեջանցի եւ ծնունդով բաքվեցի Իգոր Ռաուֆի Աշուրբեյլին է: Հիշեցնենք, որ վերջերս Աշուրբեյլիի անվան հետ կապված աղմկահարույց գործ էր բացվել, որն առընչվում էր С-400 զենիթահրթիռային համակարգի ծրագրի գումարների մսխմանը։ Սակայն Աշուրբեյլին ոչ միայն պաշտոնանկ չի արվել, այլեւ շնորհիվ իր բազմամիլիարդանոց կարողության եւ ծանոթությունների, շարունակում է աշխատել եւ մեծ ծառայություններ մատուցել Ադրբեջանին: Ըստ երեւույթին՝ նրա բարեխոսությամբ է, որ Ռուսաստանի Տվերի օդատիեզերական պաշտպանության ակադեմիայում սկսել են ուսանել դեպի NATO ձգտող Ադրբեջանի սպաներ, որոնք հետագայում պետք է ղեկավարեն С-300 ПМУ-2 «Ֆավորիտ»-ի հրամանատարային կետը։ Նշենք, որ հենց Աշուրբեյլին է զբաղվում «Ալմազ-Անտեյ»-ի արտադրանքի արտասահմանյան քաղաքականությամբ:

С-300 ПМУ-2 «Ֆավորիտ»-ի վաճառքն ամբողջությամբ չի կարելի պայմանավորել Աշուրբեյլիի անձով, քանի որ նման գործարքները իրականացվում են Կրեմլի ամենաբարձր մակարդակներում, եւ դա, ըստ էության, ավելի քաղաքական որոշում է, քան բիզնես գործարք, քանի որ խոսքը գնում է ընդամենը երկու համակարգերի մասին։ «Եթե С-300 ПМУ-2 «Ֆավորիտ»-ի վաճառքն այնուամենայնիվ վաճառվի Ադրբեջանին, ապա Ռուսաստանի քայլը կարելի է որակել դավաճանական ռազմավարական գործընկերոջ հանդեպ, եվ այդ դեպքում Հայաստանը օդային հարձակման միջոցների գնման հարցում, ինչը անխուսափելի է, իր հայացքը պետք է ուղղի արեւմտյան երկրների կողմը»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Ամենաշատ