Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդիի հետ:

Ողջունելով դեսպան Թումանյանին` Ալաեդին Բորուջերդին գոհունակություն հայտնեց հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ միջխորհրդարանական համագործակցության առնչությամբ: Նա առանձնահատուկ ընդգծեց Իրանի հայ համայնքի դերն ու ունեցած մեծ ներդրումը երկրի զարգացման գործում:

Դեսպան Թումանյանն իր հերթին խոսեց հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի եւ տնտեսական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտության մասին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Իրանի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի եւ հայկական պատմամշակութային կոթողների նկատմամբ հատուկ խնամքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ եւ երկուստեք մտահոգություն հայտվեց Մերձավոր Արեւելքում ծայրահեղականության եւ ահաբեկչական ալիքի տարածման շուրջ:

Արտաշես Թումանյանը շեշտեց տարածաշրջանում առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ Հայաստանի որդեգրած կառուցողական ու հավասարակշիռ քաղաքականությունը: