Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ հունիսի 11-ին, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին եւ բարեկամական խմբի անդամներին:
ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նախատեսված ժամկետներում տնտեսական ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն կտա հարաբերությունների մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի:
Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ակտիվ համագործակցությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ նա նշել է, որ այս հարցում Իրանի իշխանությունները վստահ են, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:
Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը Ալի Քաիդիի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, խորհրդարանական կապերի ակտիվացմանը, բարեկամական խմբերի գործունեությանը վերաբերող հարցեր:





























