«Ռուսական երկաթուղիներ» կազմակերպությունը աշխարհաքաղաքական տեսանկյունից կարեւոր է համարում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը, սակայն դրա իրականացումն առանց պետական աջակցության բարդ է։ Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է ի պատասխան մամուի հրապարակումների, որոնք մեջբերել էին ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի խոսքն այն մասին, թե այդ նախագիծը անարդյունավետ է։
«Ինչպես ավելի վաղ նշվել էր, «Ռուսական երկաթուղիները» կարծում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից այդ նախագիծը Հայաստանի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի երկիրը եվրասիական եւ համաշխարհային տրանսպորտային համակարգին ինտեգրելու առումով։
Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հաշվի առնելով մեծ արժեքը եւ նման մասշտաբի նախագծերի ծախսերի փակման երկար ժամկետները, դրանց իրականացումը առանց պետական աջակցության շատ բարդ է։
Ռուսական միջազգային փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների պետական աջակցությունը էական բազմապատկիչ արդյունք է ունենում արդյունաբերության համար եւ շատ կարեւոր նշանակություն ունի տնտեսության կայուն զարգացման համար»,- ասված է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ տնօրեն Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը արդյունավետ չէ եւ հետեւաբար հեռանկարներ չունի։ «Դա նույնն է, թե հարեւան տան պատի վրա պատուհան բացես»,- ասել էր Յակունինը։





























