Հայաստանի ոստիկանական համակարգը հիմնարար վերափոխումների փուլում է : Բարեփոխումների 2010-2011թթ. ծրագրի ավարտին մենք կունենանք միանգամայն նոր, ժամանակի պահանջներին համապատասխանող ոստիկանություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ օգոստոսի 7-ին ոստիկանության ակադեմիայում տեղի ունեցած 2010 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսությանը մասնակցել են նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ծնողներ, հյուրեր:

Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը իր շնորհավորանքի ու ողջերթի խոսքում, մասնավորապես, ասել է. «Այս պահից դուք ոստիկանության սպաներ եք եւ պարտավոր եք արժանապատվորեն ծառայել Հայրենիքին ու Ժողովրդին, պատվով կրել ուսադիրների պատասխանատու ծանրությունը»:

Ըստ ոստիկանապետի՝ «ոստիկանությունն է մեր երկրի սահմանադրական կարգի եւ հասարակական կայունության երաշխավորը: Ոստիկանությունն է պայքարում օրենքի առջեւ բոլորի հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների կենսագործման համար»: