Իրանի եւ Արեւմուտքի մերձեցումը պայմանավորված է Մերձավոր Արեւելքում լարվածության հանգամանքով։ Այս մասին հունիսի 22–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ եթե Արեւմտյան երկրները այս հարցում իմաստուն լինեն, նրանք կարող են օգտագործել Իրանի ներուժը։ Նա հիշեցրեց, որ հունիսի 30-ին տեղի կունենա Իրանի եւ «վեցնյակի» ամփոփիչ հանդիպումը, որից հետո պարզ կլինի, թե կարող են նրանք վերջնական լուծում գտնել, թե ոչ։
«Պետք է նշեմ, որ իրանական կողմը մեսիջներ է ուղարկում այն մասին, որ իրենք այդքան էլ չեն շտապում միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ։ Այսինքն՝ մինչեւ վերջնական տարբերակում չլինի այն, ինչին նրան սպասում են, գործարքը չի կնքվի։ Նրանք ցույց են տալիս, որ «վեցնյակի» հետ գործարքը իրենց համար շուտափույթ բնույթ չի կրում, եւ հունիսի 30-ը իրենց վերջնաժամկետը չէ։ Արեւմուտքը բնականաբար հետաքրքրված է եզրափակիչ համաձայնության գալու հարցում, քանի որ արդեն հոգնել է Իրանի հետ բանակցություններից։ Սակայն ես կարծում եմ, որ որքան էլ Իրանը փորձի ցույց տալ, որ հետաքրքրված չէ, դա այդպես չէ, քանի որ տնտեսությունը տառապում է պատժամիջոցներից»,- նշեց իրանագետը։





























