Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցը։Մի քանի ցուցարար ստվարաթուղթ են փռել եւ պառկել հենց ասֆալտի վրա։
Հարցին, թե նրանք չեն նեղվում անհարմարություններից, ցուցարարներից մեկը հենց պառկած տեղից պատասխանեց. «Ի՞նչ է եղել որ։ Լողանալը ձեռքի տակ է։ Երեկ ոստիկանները ապահովեցին մեր լոգանքը։ Այնպես որ դիմանում ենք»։
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























