«Բիբիններիդ չդնեք», «Ի զորակցություն հայ ժողովրդի», «Electric Yerevan» գրությամբ պաստառներով այսօր՝ հունիսի 24-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանատան առաջ էին հավաքվել մի քանի տասնյակ վրացի եւ հայ երիտասարդներ՝ զորակցելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող հայ ցուցարարներին:
Դեսպանատան առաջ հավաքը կազմակերպած վրացի երիտասարդները կոչ արեցին Հայաստանի կառավարությանը կատարել հայ ցուցարարների պահանջները եւ նրանց դեմ ուժ չկիրառել:
«Մենք վրացիներս եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդները հայերից պետք է սովերենք սոցիալական խնդիրների դեմ պայքարել: Սա մի պայքար է, որը մեզ միավորում է, մենք պետք է պայքարենք միասին: Ուզում են զորակցություն հայտնել վրացիների կողմից, այս պայքարում ցուցարարների կողքին ենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Լեվան Իլարիանին:
Վրացի երիտասարդները, որոնք եկել էին զորակցություն հայտնելու հայ ցուցարարներին, ելույթ էին ունենում անգլերեն եւ վրացերեն, հայերեն լեզվով միայն վանկարկում էին «ապրեք»:
Ակցիայի մասնակիցները ցանկանում էին խոսել Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներից մեկի հետ, սակայն շենքից ոչ ոք դուրս եկավ:
Կազմեկերպված ակցիան լուսաբանելու էր եկել նաեւ ադրբեջանական լրատվամիջոց: Լրագրողը հայերին հարցնում էր, թե արդյոք նրանք գոհ են Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունից:














