Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է, թե գիշերը պլաստիկե շշերի մեջ ալկոհոլ են գտել Բաղրամյան պողոտայում, սակայն որեւէ փաստ չի մատնանշել։ Լրագրողների հետ զրույցում Օսիպյանը նախ հայտարարել է, թե նստացույցի մասնակիցները տեղյակ են, որ ոստիկանները ալկոհոլ են գտել, ապա րոպեներ անց ասաց. «Կարծում եմ՝ տեղյակ են»։

Նա, սակայն, այդպես էլ որեւէ փաստ, արձանագրություն չի մատնանշել, որ ցուցարարների մոտ ալկոհոլ է եղել։

Ընդհակառակը, ինչպես Բաղրամյան պողոտայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ակցիայի նախաձեռնողները անընդհատ զգուշացնում են ցուցարարներին, որ չհամարձակվեն ալկոհոլ բերել, քանի որ դա սադրանք կլինի նստացույցի դեմ։ Ցուցարարների մի խումբ նաեւ մի երիտասարդի էին կանգնեցրել, որը արկղերով գարեջուր էր տեղափոխում եւ ասել էր, թե առաքիչ է, խմիչքն էլ ինչ-որ օբյեկտի համար են տանում։ Ցուցարարները ոստիկաններ կանչեցին, եւ նրանց ուղեկցությամբ հեռացրին այդ գարեջուրը տարածքից։ 

Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, մասնակիցների թիվն անընդհատ ավելանում է։

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: