Մի խումբ ամերիկահայերի եւ կանադահայերի Արարատ լեռը բարձրանալու եւ այնտեղ Հայաստանի ու Արցախի դրոշները տեղադրելու լուրին «թուրքավարի» է արձագանքել Աղրը նահանգի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը։

Թուրքական Habermynet-ի փոխանցմամբ՝  Մեհմեդ Էրաթը նշել է, որ 11 հոգանոց սփյուռքահայերի կողմից  հայկական դրոշները պարզելու փաստը հաստատվելու դեպքում, Աղրըի բնակիչները խիստ կտխրեն։ «Մենք ուզում ենք հավատալ, որ այդ ամենը ճիշտ չէ։   Եթե այդ ամենը ճիշտ դուրս գա, մենք գիտենք, թե ինչպես այդ դրոշն իջեցնենք եւ  Արարատի գագաթին Հայաստանի կողմից թուրքական դրոշը պարզենք»-նշել է Մեհմեդ Էրաթը։

Աղրը նահանգի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը, ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ դեռեւս ոչ ոք չի հաստատել սփյուռքահայերի՝ Արարատ լեռ բարձրանալու փաստը,  սպառնացել է. «Եթե Աղրըի բնակիչները նման բան իմանային, այդ լեռնագնացներին Արարատի վրա կթաղեին»։

Նշենք, որ ԱՄՆ-ում լույս տեսնող  հայկական «Ասպարեզ» պարբերականը հայտնել էր, թե ամերիկահայ եւ կանադահայ 11 հոգուց բաղկացած խումբը բարձրացել է Արարատ լեռան գագաթը եւ պարզել Հայաստանի եւ Արցախի դրոշները։ Թուրքական մամուլը, հատկապես, կատաղած է այն փաստից, որ սփյուռքահայերը նշել են, որ իրենք առանց թույլտվության են բարձրացել Արարատ լեռը, քանի որ նախօրոք ստացած թույլտվությունը Թուրքիայի տուրիզմի նախարարությունը չեղյալ էր համարել: