Եթե ժողովորդը չընդունի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը վերականգնելու առաջարկը, մենք կվերականգնենք հասարակական կարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նա նշեց, որ հարակից շենքերի բնակիչներն ու քաղաքի բնակիչները համարում են, որ ոստիկանությունն անգործության է մատնված եւ չի կարողանում վերահսկել իրավիճակը Բաղրամյան պողոտայում։ 

«Ոստիկանությունը թե բնակիչներից, թե քաղաքացիներից ունի տարբեր տեսակի բողոքներ: Տեսեք այստեղ նույնպես ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսեւորում։ Դուք ինքներդ ականատես եղաք, որ երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը զենքով քաղաքացի է հայտնաբերել: Դա եւս խոսում է այն մասին, որ ոստիկանությունն այնքան պրոֆեսիոնալ է: Ոստիկանության տեսադաշտում են նաեւ բոլոր այն չակերտավոր ասած ակտիվիստները, որոնք ագրեսիվ վարքագիծ են դրսեւորում եւ հանդիսանում են նաեւ որպես սադրիչ»,- ասաց նա:

Հարցին, թե եթե երեկոյան ցուցարարները որոշեն, որ գիշերը պետք է մնան պողոտայում, ոստիկանությունն ինչ է անելու, Օսիպյանը պատասխանեց, որ շարունակելու են բացատրել, որ այդ գործողություններն անօրինական են, անհապաղ դադարեցնեն, վերադառնան Ազատության հրապարակ կամ այլ վայր:

«Վստահ եմ, որ ժողովուրդը կընդունի մեր բացատրությունը, եթե չընդունի, մենք կվերականգնենք հասարակական կարգը: Օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը կօգտագործի ամեն ինչ՝ համաչափ եւ ադեկվատ, կվերականգնի հասարակական կարգը Մարշալ Բաղրամյան պողոտայում»,-ամփոփեց նա։

Օսիպյանը հորդորեց փոխոստիկանապետը հորդորեց հավաքի մասնակիցներին «ողջամիտ լինել, դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները հատկապես ժամը 23-ից հետո, վերադառնալ կամ Ազատության հրապարակ, կամ ընտրել մի այնպիսի վայր, որտեղ չի խախտվի մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, չի փակվի ճանապարհի բանուկ մասը»:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն 7  օրն է, շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։

Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու եւ մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամով բարձրացման ՀԾԿՀ-ի հունիսի 17-ին կայացրած որոշումը: